Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ

Ադրբեջանական կողմը, Թորոսյանի խոսքով, հարվածներ է հասցրել նաև հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգությն դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։

Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը` լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,– նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով` հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգությն դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։

Понравилась статья? Поделиться с друзьями: