Այս բաղադրատոմսի մեջ չկան հավելյալ բաղադրիչներ, համեմունքներ, ինչի շնորհիվ լոլիկի համը մնում է բնական։ Փակոցը չափազանց ախորժելի է ստացվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ջուր՝ 1լ
- աղ՝ 1ճ․գ․
- շաքարավազ՝ 4ճ․գ․
- քացախ 9 %՝ 4ճ․գ․
- լոլիկ
Պատրաստման եղանակ․
Վերցրեք այնքան լոլիկ, որքան փակոց ցանկանում եք պատրաստել։
Աղաջրի համար բաղադրիչների նշված քանակը նախատեսված է 1լ ջրի համար․ շատ կարևոր է պահպանել հարաբերակցությունը։
Ընտրեք պինդ լոլիկներ, առանց վնասվածքների։
Նախապես լվացված լոլիկը դասավորել ստերիլիզացված բանկաների մեջ։ Մի մոռացեք նաև կափարիչները ստերիլիզացնելու մասին։
Բանկաների մեջ եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով ու թողնել, որ լոլիկները տաքանան 20 րոպե։ Կարող եք լրացուցիչ ծածկոց գցել բանկաների վրա։
Ջուրը դատարկել կաթսայի մեջ, մի քիչ էլ եռման ջուր ավելացնել, որ չպակասի։
Լցնել աղն ու շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, եփել մի քանի րոպե։
Քացախը լցնելուց հետո խառնել, եռացնել կես րոպե և եռման աղաջուրը լցնել բանկաների մեջ։
Հերմետիկ փակել։
Բանկան շուռ տալ, փաթաթել ծածկոցով, իսկ կես ժամից ուղղել և թողնել, որ սառեն սենյակային ջերմաստիճանի ներքո։
Տեղափոխել պահելու հիմնական տեղը։
Բարի ախորժակ։