Պարտքով գումար տա՞լ, թե ոչ

Պարտքով գումար տա՞լ, թե ոչ: Որքան էլ փոխվեն ժամանակները, մարդիկ շարունակում են իրարից պարտքով գումար վերցնել, և բանկերի տարբեր վարկային առաջարկները, ըստ էության, վերջ չեն դնում շատերի կողմից կիրառվող «հուսալի» այդ միջոցին: Նախևառաջ, պարտք վերցնելը զգալիորեն արագ է իրականացվում: Երկրորդ, ընկեր-մտերիմները, սովորաբար, անհարմար են զգում բառ անգամ ակնարկել տրված դրամի տոկոսների մասին: Մի խոսքով` գումար խնդրողին կարելի է հասկանալ: Բայց հարց է ծագում` արդյո՞ք բոլոր դեպքերում արժի արձագանքել խնդրանքին…


ՈՒ՞Մ և ԻՆՉՈ՞Ւ

Բնականաբար կա մարդկանց շրջանակ, ում մենք իրավունք չունենք և չենք կարող մերժել` հարազատ-բարեկամներ և այլն: Ընտանիքի ներսում ուրախություններն ու տխրություններն ընդհանուր են, ուստի նյութական դժվարություններն էլ սովորաբար լուծվում են փոխադարձ աջակցությամբ: Իսկ մնացած խնդրողներին ընդառաջ գնալուց առաջ, ճիշտ կլինի սթափ մտածել:

Որքանո՞վ է հուսալի պարտք վերցնողը: Եթե տվյալ անձը մի քանի անգամ գումար է վերցրել և պարտաճանաչ վերադարձրել է խոստացած ժամկետում, ապա կարելի է մասամբ երաշխիք ունենալ, որ ամեն ինչ նորմալ կլինի: Իսկ մարդկանց մոտ, ովքեր սովոր են անվերջ վերցնել ու կրկնապատկել պարտքերը, միշտ առաջանում են «չնախատեսված տհաճ հանգամանքներ»: Նշանակում է` մարդը հստակ ու հեռատեսորեն չի հաշվարկել իր քայլերը և հնարավոր է` գումարը չվերադարձնի: Այստեղից հետևություն, որ մարդկանց շարքում, ում կտրականապես պետք չէ գումար տալ, մտնում են խաղամոլության, հարբեցողության սեր ունեցող անձինք և, նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ չեն վերադարձրել պարտքը:

Որքանո՞վ է ձեզ մտերիմ խնդրողը: Մարդու իրավիճակի մեջ մտնելն ու աջակցելը հասկանալի են, եթե նրա խնդիրների հանդեպ անտարբեր չեք: Իսկ ահա չմերժելը միայն նրա համար, որ ժլատ չերևաք, հիմարություն է: Հաշվի առեք, որ տրվող գումարը ինչ-որ օտար մարդու պատճառով դուրս է գալու ձեր և ձեր ընտանիքի բյուջեից: Դրա համար պետք է լինեն ծանրակշիռ պատճառներ:

Ի՞նչ շարժառիթով են դրամ խնդրում ձեզնից: Հարցրեք, թե ինչու է մարդուն շտապ դրամ անհրաժեշտ: Բջջային հեռախոսի նոր մոդելի՞… Ուրեմն` նա հակում ունի նորաձև ինչ-որ իրեր ձեռք բերել, որոնք, սակայն, իր գրպանի բանը չեն: Երաշխիք ունենալ, թե նա ժամանակին կվերադարձնի գումարը, բնականաբար, միամտություն կլինի: Իսկ եթե մարդը գումարը խնդրում է իր գործի մեջ ներդրում կատարելու համար (գնում է մեքենա կամ համակարգիչ), որն իրեն եկամուտ կբերի, աջակցությունը բարի գործ կլինի: Հավանաբար նրա գործերը շուտով կկարգավորվեն, և նա ի վիճակի կլինի փակել պարտքերը: Երբեմն գումար են խնդրում հարազատների բուժման համար: Պատճառը, անխոս, հարգելի է, սակայն, հաշվի առեք, որ առաջիկայում պարտք խնդրողը նյութական սուղ վիճակում է լինելու, և ակնկալել, թե ժամանակին ետ կստանաք ձեր գումարը, անիմաստ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: