Զոհվածների ծնողները դատախազության առջև են, նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երկու գրություն փոխանցեցին։
Զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացնելու գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ–ն։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում ասաց զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը։

«Բացի այդ, ներկայացնելու ենք նաև հաղորդում հանցագործության կատարման մասին. խոսքը ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ մեր հանդիպման ժամանակ նրա` ոչ պատշաճ պահվածքի մասին է։ Եթե ծնողները չխառնվեին, ծեծկռտուք էր տեղի ունենալու։ Արթուր Դավթյանը մեզ ասել է, որ մեր պայքարն արդար է, և օրեր անց մեր երկու դիմումների արձագանքից էլ կերևա` դրանք ուղղակի խոսքե՞ր էին, թե նաև գործ»,–ասաց Ազատյանը։
Տղամարդը հրաժարվեց մանրամասնել հայտնել Քյարամյանի դեմ բողոքի բովանդակությունից` ասելով, որ եթե գործը տեղափոխեն ԱԱԾ, այդ մասին չի էլ բարձրաձայնվի` դա կմնա ծնողների և Քյարամյանի միջև։ Ազատյանը հայտնեց` Քյարամյանի հետ հանդիպմանը 22 ծնող է ներկա եղել, որոնց ստորագրությամբ հաղորդումը և միջնորդությունը կներկայացվի դատախազություն։

Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան դատախազության մոտ
Ծնողները դատախազության ներկայացուցչին հանձնեցին իրենց միջնորդությունն ու բողոքը։
Զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպմանը շատ վատ է իրեն պահել. «Ես ներկա չեմ եղել, սակայն կնոջս պատմելով` Քյարամյանը շատ վատ է իրեն պահել, հաթաթա է տվել, որ եթե մեկը ձայնագրի զրույցը, քրգործ է հարուցելու և անձամբ հետևելու է, որ դատվի»։

Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան դատախազության մոտ
Ինչ վերաբերում է քրգործը ՔԿ–ից վերցնելու և ԱԱԾ-ում քննելու միջնորդությանը, Գալեյանը նշեց, որ քննչական կոմիտեին չեն վստահում, իսկ ԱԱԾ-ի հանդեպ վստահությունը չեն կորցրել` չէ՞ որ երկրի անվտանգությունն է ապահովում։
Ի դեպ, ծնողներն ակնկալում են, որ դատախազությունը հինգօրյա ժամկետում կպատասխանի իրենց դիմումներին։
Հիշեցնենք, որ դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։