«Մեր պահանջի ժամկետը վաղը կլրանա». զոհվածների ծնողները վրաններով Ազատության հրապարակում են

Զոհվածների ծնողները նշում են` նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց զոհված որդու նկարը։
Զոհված զինծառայողների ծնողները գիշերն Ազատության հրապարակում ենք անցկացրել. նրանք իրենց վրանները Ֆրանսիայի հրապարակից են տեղափոխել։ Զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իրենք հենց Ազատության հրապարակում էին բողոքի ակցիա անում, սակայն երբ շարժումը սկսվեց, ծնողները մտածեցին, որպեսզի ժողովուրդը չկիսվի, իրենք էլ կգնան Ֆրանսիայի հրապարակ։

«Մենք պարզապես Ֆրանսիայի հրապարակ էինք տեղափոխվել` չմիանալով որևէ քաղաքական ուժի։ Մենք մեր տղաների հետ ենք։ Ընդդիմության երեկվա որոշումից հետո մենք էլ մեր հերթին որոշեցինք, որ պետք է վերադառնանք մեր հին տեղը»,– նշեց Ազատյանը։
Նա հիշեցրեց` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցվի, նրան հարցաքննեն, և հարցաքննի ոչ թե քննչական մարմինը, այլ ԱԱԾ–ն։ Վաղը լրանում է այս պահանջով ծնողների ներկայացրած վերջնաժամկետը։
Ազատյանի խոսքով` այս ընթացքում դատական քննությունը և դրա ընթացքը չի բավարարում ծնողներին։
«Այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ` պետք է այս կապիկությունը վերանա։ Այսքանից հետո Փաշինյանը վայելում է իր կյանքը, իսկ մե՞նք։ Նրանք, ովքեր հիմա թուրքի հետ բարեկամություն են ուզում անել և անում են, թող մի պահ պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե 1 տարի 9 ամիս համբուրեին իրենց տղայի նկարը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի»,–ասաց նա։
Վրանում հավաքված ծնողները հայտնեցին` շարունակելու են մնալ այնքան, որքան պետք լինի։ Նրանք հաջորդական գործողությունների ցանկ ունեն, սակայն փակագծերը չեն բացի այս պահին։ Ծնողների խոսքով` վաղվանից շատ բան է կախված, և եթե մինչ այդ որոշում չկայացվի, որ Փաշինյանին կանչելու են հարցաքննության, և դա տեղի է ունենալու ԱԱԾ–ում, «ուրիշ բաներ կլինեն»։


Հարցին, թե որքանո՞վ է ներում նրանց առողջական վիճակը, որպեսզի վրաններում գիշերեն, ծնողները նշեցին` իրենց հիմա ամենաքիչն է դա հետաքրքրում.«Եթե մեզնից գոնե մեկ անձ էլ առողջ մնա, մեր գործը մինչև վերջ առաջ կտանի»։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին առնչվող նյութերով հարուցված քրգործով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրվի, Փաշինյանը կանչվի հարցաքննության և կալանավորվի։
Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ էր ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։

Понравилась статья? Поделиться с друзьями: