Եթե այսպես շարունակվի, Հայաստանում էլեկտրաէներգիան հնարավոր կլինի էժանացնել. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ սակագնի բարձրացան հիմքում 4 ամիս առաջ ազգային արժույթի արժեզրկումն էր դրվել։
Եթե ՀՀ դրամը շարունակի արժևորվել դոլարի նկատմամբ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման կարիք կլինի։
ԱԺ նիստում այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` խոսելով ՀՀ–ում դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հնարավոր հետևանքների մասին։
«Եթե տեղի ունենա ազգային արժույթի ամրապնդում, ապա ես կարծում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշ ժամանակ հետո դիտարկի այն հարցը, թե արդյոք սակագինը համապատասխանում է փոխարժեքին, թե ոչ, որովհետև, եթե ես չեմ սխալվում, սակագնի բարձրացան հիմքում հիմնական գործոններից մեկը ժամանակին ազգային արժույթի արժեզրկումն էր»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է 2022թ–ի փետրվարի 1–ից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագները թանկացել են բոլոր սպառողների համար, բացի անապահով խավից։ Վերջինները շարունակում են վճարել 29,99 դրամ ցերեկային և 19,99 դրամ գիշերային սակագնով։
Ամսական մինչև 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող ընտանիքների համար սակագինը թանկացել է 2.5 դրամով` կազմելով` գիշերայինը` 46.48 դրամ, ցերեկայինը` 36.48 դրամ,
201-400 կՎտ/ժ սպառողների համար թանկացումը կլինի 4 դրամ ով (գիշերայինը` 48.48 դրամ, ցերեկայինը` 38.48 դրամ),
400 կՎտ/ժ–ից ավելի սպառողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 10 դրամով (գիշերայինը` 53.48 դրամ, ցերեկայինը` 43.48 դրամ)։
Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորել էր ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծություններով, ըստ որոնց 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանար 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։
Понравилась статья? Поделиться с друзьями: