Քանի դեռ Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա, նրանց հետ գործ չունենք. Արսեն Գրիգորյան

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը վստահ է, որ մասնագիտական ու անձնական սկզբունքները չեն կարող ավելի թանկ լինել, քան հայրենիքի կամ ժողովրդի ապագան, անվտանգությունն ու ազգային ինքնության պահպանումը։ Նա Sputnik Արմենիայի եթերում խոսել է ազգադավ ծրագրերի, երկրի արժանապատվությունը պահպանելու և իր տեսակի մասին։


Ինչո՞ւ է երգիչը մասնակցում ընդդիմության հանրահավաքներին
«Ինձ համար սա պայքար է հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության, հանուն ազգային արժանապատվության»,- հարցին այսպես է պատասխանում երգիչը։
Նա խոստովանում է, որ շատերը, անձնավորելով հանրահավաքը, չեն ուզում գալ այնտեղ։
«Իսկ ես այնտեղ եմ ոչ թե ինչ-որ անձի համար, այլ որովհետև տագնապի մեջ ենք, մեր երկիրը բզկտում են։ Ես այնտեղ եմ իմ ինքնության, իմ պետության համար,- ասում է երգիչն ու այլընտրանք առաջարկում,- գնացե՛ք Գայի, Գարեգին Նժդեհի արձանի մոտ կամ որևէ այլ տեղ և հայտնեք ձեր բողոքը, ես կգամ, ձեր կողքին կկանգնեմ, ու շատերը կգան»։
Երգիչն ընդգծում է` այս պայքարը ինչ-որ մեկի մենաշնորհը չէ, այլ ազգային պայքար։
«Այսօր, երբ արնահոսություն կա, չենք կարող անել ֆիզիոթերապիա։ Պետք է վիրահատական միջամտություն լինի, կանգնեցնենք արնահոսությունը, հետո կմտածենք երկարատև բուժման մասին»,- նշում է երգիչը։
Մտավորականի առաքելությունը
Երգչի բնութագրմամբ` «մտավորական» եզրույթն այսօր մեզանում հակասական ընկալում ունի։
«Ո՞րն է չափորոշիչը,- հարցնում է Գրիգորյանը,- բարձրագույն կրթությո՞ւնը, լավ երաժշտություն գրե՞լը, լավ բժիշկ լինե՞լը»։
Նա վստահ է, որ մտավորական կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով իր ներքին ինտելեկտը, գիտելիքները պատրաստ է նվիրաբերել հայրենիքին և ժողովրդին։
«Արդյոք մասնագիտական և անձնական բան կա՞, որն ավելի թանկ է, քան հայրենիքդ կամ ժողովրդիդ ապագան ու անվտանգությունը, ազգային ինքնության պահպանումը»,- հարցնում է Գրիգորյանն ու վստահ պատասխանում՝ չկա։

Արվեստագետի, մտավորականի դիրքորոշումը հաճախ միանշանակ չի ընկալվում` երբ խառնվում է քաղաքականությանը, ասում են` արվեստագետը պետք է արվեստով զբաղվի, չի խառնվում՝ ասում են՝ որտե՞ղ է մեր մտավորականությունը։ Գրիգորյանը հակադարձում է այս դիտարկմանը.
«Կարևորը նպատակն է՝ ազգային և պետական շահի համար պայքարելը։ Դրա մեջ ի՞նչ քաղաքականություն կա։ Մեծախոսություն չլինի, ես ինչ կարողացել եմ, արել եմ պատերազմների ժամանակ։ Ազգային շտեմարանից յուրաքանչյուր երգ հայրենասիրական է։ Երբ այն մատուցում ես հատկապես մատաղ սերնդին, բայց այլ կերպ ես ապրում, հակասական է, ազդեցիկ չէ։ Հարկավոր է ապրել այնպես, ինչպես ստեղծագործում ես, և ստեղծագործել այնպես, ինչպես ապրում ես»,- ասում է երգիչը։
Արվեստագետը հիշեցնում է, որ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել․ մեր մշակույթն ու Հայ առաքելական եկեղեցին են ստանձնել պետականության դերն ու մեզ պահել մեր տեսակի մեջ։ Այսօր մի տարբերություն կա։ Մենք ունենք պետականություն, բայց պետականության պահպանման խնդիրներն են շատ։
«Երբ ունես պետականություն, քո գործն է պահել այն մշակույթը, որը դարեր շարունակ պահել է քեզ, քո տեսակը։ Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել-պահպանել մեր մշակութային ժառանգությունը»,- շեշտում է Գրիգորյանը։

Սիրել է պետք
Արվեստագետը նկատում է, որ կա իրականությունից կտրված մի զանգված, որը չի նկատում արժանապատվության կորստի խնդիրը, չի տեսնում, որ ինչ ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօրվա իշխանությունը համաձայնում է։ Երգիչն ուզում է ունենալ այնպիսի ղեկավար, որը կսիրի հայ ժողովրդին, Հայաստանը, Արցախը և տարբերություն չի դնի նրանց միջև։
Ո՛չ հայերեն է, ո՛չ էլ մարդկային
Իրականության հետ որոշ զանգվածի համակերպման պատճառը Գրիգորյանը տեսնում է անձնականը հանրայինից վեր դասելու մեջ։ Երգչի շրջապատից շատերը, որոնք սատարում էին այս իշխանությանը, այսօր ապրում են Գլենդելում։
«Առաջ շատ էին զանգում, հիմա` քիչ։ Երբ զանգում են, ասում եմ՝ ինչո՞ւ չեք գալիս, ասում են՝ գանք` ի՞նչ անենք»։
Արվեստագետն ահազանգում է՝ մեր հայրենիքն այսօր դժվարությունների մեջ է, և զուգահեռներ է անցկացնում հիվանդ ծնողների հետ, որոնց թողնելը նման պայմաններում ո՛չ հայերեն է, ո՛չ էլ մարդկային։ «Պետք է տեր կանգնենք Հայաստանին, Արցախին, մեր արժանապատվությանը։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում»։
Չդավաճանել տեսակին
Ժողովրդական երգի մեկնաբանը ազգադավ ծրագիր է տեսնում նաև մեր իրականություն ներթափանցած մահմեդական, «թուրքաբարո» ելևէջներով մեղեդիներում, սակայն ժողովրդին մեղադրելը սխալ ու անհասցե է համարում։
«Մեղավորները նրանք էին, ովքեր գիտեին` որտեղից են վերցնում թուրքական երաժշտությունն ու վրան «հագցնում» հայերեն բառեր՝ աղավաղելով մեր լեզուն։ Կարևորը` իրենց համար փողաբեր լիներ, ճանաչելիություն բերեր։ Չեն մտածել գալիք սերունդների և այս վտանգավոր երևույթի մասին։ Մենք մի խնդիր ունենք՝ մեր ֆիզիկական ապահովության մասին ավելի շատ ենք մտածում, քան հոգևոր։ Մատդ փուշ է մտնում՝ վազում ես բժշկի, բայց երբ հոգուդ մեջ սրեր են խրում, ասում ես՝ լավ, ոչինչ»,- համեմատական է անցկացնում Գրիգորյանը։

Երգիչը շեշտում է, որ պատասխանատվություն է կրում իր տեսակի համար։
«Իմ տեսակը միայն Հայաստանում չէ, միայն Արցախում չէ, միայն Ջավախքում չէ. աշխարհում ամեն տեղ կա իմ տեսակը, և այդպես էլ դաստիարակել եմ իմ երեխաներին։ Նրանց ասում եմ՝ մեծ նպատակներ ունեցեք, փոքրերը իրենք իրենցով կստացվեն։ Մեծ նպատակը մեր ազգն է, մեր պետությունը։ Պետականությունը ազգի հարատևման երաշխավորն է»։
Ռազմատենչ ե՞րգ, թե՞ պաշտպանության կոչ
Հանրահավաքներում հնչող երգերի բովանդակային բաղադրիչն ու մոտիվացնող ուժը պակաս կարևոր չեն ընդհանուր պայքարում։
«Մեկ դար առաջ երգում գրված երևույթն այսօր կրկնվում է։ Սուլթանը այն ժամանակ էլ էր ուզում ջնջել հային և թողնել մեկ հոգու` որպես թանգարանային նմուշ։ Հիմա ժամանակները փոխվել են, ցանկությունը նույնն է մնացել։ Դրա համար մենք ասում ենք` հայեր միացեք, Արցախն է մեզ կանչում»,- ասում է հայ երգի նվիրյալը։
Գրիգորյանն օրինակ է բերում Աշուղ Ֆահրատի` մեկ դար առաջ գրած հայրենասիրական երգերը, հիշեցնում Գուսան Հայկազունու «Հայեր, միացե՛ք», «Պատերազմ եք գնում՝ բարով գնացեք», «Պիտի գնանք վաղ թե ուշ» ստեղծագործությունները, որոնք այսօր էլ են շատ արդիական։
Ու չնայած երգերի մարտակոչին կամ ռազմատենչությանը` դրանք պաշտպանվելու կոչեր են։ Երգիչը հիշեցնում է, որ մենք ոչ մի պատերազմ չենք սկսել, մենք միշտ պաշտպանվել ենք, և պետք չէ մոռանալ, որ Ադանայում մինչև 1915 թիվը զանգվածաբար կոտորեցին ամբողջ քաղաքը, ուստի զարմանալու չէ, թե ինչու են ասում` Ստամբուլը պետք է լինի արյան ծով։


Քանի Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա…
Երգիչը մեծ սխալմունք է համարում թուրքի հետ բարեկամ լինելու մտածողությունը։ Որպես նախապայման պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը և լուծել Արցախի կարգավիճակի հարցը։
«Քանի Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնող կա, մենք իրենց հետ գործ չունենք»,- շեշտում է նա։
Երգիչը ցեղասպանված, հայրենազրկված ընտանիքի զավակ է, որը ոչ իր կամքով ծնվել է Սիրիայում։
«Այսօր աշխարհում ցիրուցան եղած հայերի տարագիր ճակատագրի պատճառը թուրք ցեղասպանն է։ Ինքը թող փոխվի, իր մեղքերը ընդունի, հետո մենք կմտածենք», — եզրափակում է Արսեն Գրիգորյանը։

Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: