Մեքենայի դուռը բացեցի՝ շորտով էր, հողաթափերով, սև ակնոցով. ինչպես են տաքսու վարորդներն արձագանքում ուղևորների բողոքներին

Հայաստանում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, շատ հաճախ մեր քաղաքացիները դժգոհում են տաքսի ծառայությունների սպասարկման որակից եւ վարորդների՝ հաճախորդների նկատմամբ մոտեցումից: Վերջին շրջանում «Հայկական ժամանակի» խմբագրությունը եւս բողոքներ է ստանում քաղաքացիներից, օրինակ, վարորդների ոչ հիգիենիկ տեսքի, հագուկապի վերաբերյալ: Դժգոհություններ կան նաեւ մեքենաների կեղտոտ լինելու եւ տհաճ հոտերի մասով:


Մեզ դիմած քաղաքացիներից Գ. Ա-ն նշում է՝ հաճախ բնակության վայրից աշխատավայր գնացող երթուղի չլինելու պատճառով ստիպված է լինում տաքսի ծառայություններից օգտվել: Նրա խոսքով՝ օրերը տաքանալուն զուգահեռ տաքսու վարորդներից շատերը սկսել են «կիսամերկ» վարել մեքենան՝ նկատի ունենալով ամառային հագուկապը:

«Տաքսի եմ կանչում եւ մեքենա նստելուց հետո կանգնում փաստի առաջ. ինձ դիմավորում է հողաթափերով, մուգ ակնոցով ու շորտով վարորդ: Շատ տհաճ է գումար վճարել եւ նստել լողափ գնացողից ոչնչով չտարբերվող մեկի կողքին: Էլ չեմ խոսում մեքենայի փոշու, կեղտի եւ ոչ հիգիենիկ վիճակի մասին»,- ասում է քաղաքացին:

Մեկ այլ քաղաքացի էլ՝ Ա. Ա-ն, նկատում է՝ անչափ տհաճ է, երբ տաքսու վարորդը սկսում է հարցուփորձ անել, ապա չստանալով իր համար սպառիչ պատասխաններ՝ վարելու ընթացքում մեկնաբանություններ հնչեցնում անցորդների հասցեին կամ մնացած վարորդների գործած խախտումների մասին: Մեր զրուցակիցը ամեն օր մարզից է Երեւան աշխատանքի գալիս, ասում է՝ հնարավորինս մատչելի գնով սպասարկող տաքսի էր գտել, սակայն մի քանի անգամ վերջինիս հետ երթեւեկելուց հետո ստիպված է եղել այլեւս չօգտվել, քանի որ վարորդն ամբողջ ճանապարհին խոսել է, ինչ-որ պատմություններ պատմել, ընթացքում ուշադրությունը ղեկից շեղելով՝ որսալով ուղեւորի հայացքն ու արձագանքը:

Քաղաքացի Գ. Մ-ն էլ պատմում է՝ արդեն որերորդ դեպքն է, երբ տաքսու վարորդները (խոսքը երիտասարդների մասին է) աղջիկ ուղեւորին տեղ հասցնելուց հետո ֆիքսում են նրա հեռախոսահամարը, ապա գտնում այդ համարի ներքո գործող «Վայբեր» կամ «Վոթսափ» հավելվածները եւ փորձում սիրահետել:

«Հայկական ժամանակ»-ը վերոգրյալ բողոքերը ստանալուց հետո շրջայց է կատարել մայրաքաղաքում: Կենտրոնական մի շարք փողոցներում շրջելով՝ ականատես եղանք թե՛ բարեկիրթ ու կոկիկ հագնված վարորդների եւ թե՛ հակառակը՝ անխնամ, չսափրված ու չսանրված մազերով: Քիչ չէին նաեւ ամառային հագուկապով վարորդները՝ կիսատաբատով, հողաթափերով:

Մոտենալով նրանցից մեկին՝ կիսատաբատով, հողաթափերով եւ սեւ ակնոցով երիտասարդ տղամարդուն՝ հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք, որ որոշ քաղաքացիների համար տհաճ է, երբ իրեն սպասարկում են նման հագուկապով ու տեսքով տաքսու վարորդները: Ըստ նրա՝ իր անձնական մեքենան է, իր տարածքը, ոչ ոք չի կարող իրեն ստիպել, որ իր ուզած ձեւով չհագնվի. «Եթե դուր չի գալիս, թող իմ մեքենան չնստեն, իրենց ոչ ոք չի ստիպում»: Վարորդը այդ ընթացքում ծխում էր, հաջորդ հարցադրմանը՝ ուղեւորները ծխելուց չե՞ն նեղվում, նշում է՝ ուղեւորի ներկայությամբ չի ծխում:

Շարքում կանգնած հաջորդ տաքսու ղեկին եւս կիսատաբատով տղամարդ էր, ի տարբերություն նախորդի՝ նա ավելի բարեհամբույր էր հարցերին պատասխանում:

Այնուհետեւ մոտեցանք «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդներից մեկին: Վերջինս հագել էր սպորտային հագուստ, մեքենան՝ միջին մաքրության: Այս վարորդի խոսքով եւս՝ մեքենայում երբեք չի ծխում, բայց քանի որ միշտ էկոնոմ դասի ծրագրով է վարում, ստիպված չէ հատուկ դրեսկոդ պահպանել. «Եթե բիզնես դաս միացնեմ, ապա այդ դեպքում մեզ արգելված է սպորտային տեսքով լինել, իսկ ինձ սպորտայինն է հարմար, դրա համար միշտ էկոնոմ եմ քշում»:

Մեկ այլ վարորդի, որը տաբատ էր հագած, հարցրինք՝ դրսում շոգ է, ինչո՞ւ ինքն էլ մյուս վարորդների նման ավելի թեթեւ հագուկապով չէ, վերջինս խոսքով՝ որքան էլ շոգ լինի, կիսատաբատ չի հագնի. «Ձեզ հաճելի՞ կլիներ՝ նստեիք, ոտքիս մազերը տեսնեիք»: Ըստ այս վարորդի՝ անգամ ընտանիքի անդամների ներկայությամբ կիսատաբատ չի հագնում, այնուհետեւ շտապում ավելացնել, որ անգամ անձրեւոտ ու փոշոտ եղանակին իր մեքենայի վրա փոշու հատիկ հնարավոր չի լինի գտնել. «Ես հիմա գնում եմ մազերս կտրել տամ, թրաշվեմ ու մեքենաս էլ լվանամ, որ սկսեմ աշխատել»:

Այս վարորդը նաեւ ծխախոտի հարցում էր խիստ, ասում է՝ չի ծխում եւ թույլ չի տալիս, որ իր մեքենայում ծխեն, երբ երբեմն պատահում են ուղեւորներ, որոնք նստելուց րոպեներ անց հանում են ծխախոտը, առաջարկում է անմիջապես դուրս գալ մեքենայից:

Մեկ այլ վարորդի կարծիքով էլ՝ ուղեւորների դժգոհությունները միանշանակ տեղին են, սակայն հարկավոր է նաեւ խնդրին վարորդների տեսանկյունից մոտենալ. «Ուղեւորներն էլ պետք է հետեւեն իրենց վարքագծին ու հիգիենային: Պատահում է՝ մեքենա են նստում, մինչեւ տեղ ես հասցնում՝ շնչահեղձ ես լինում»: Վերջինս նաեւ դժգոհում է՝ հաճախ ուղեւորները հրամայական տոնով են խոսում՝ կարծելով՝ եթե վճարում են, ուրեմն իրենց ամեն ինչ կարելի է:

Կիսատաբատով մեկ այլ վարորդ էլ ասում է՝ մեքենայում ընդհանրապես չի ծխում ու, չնայած մեծ կախվածությանը, փորձում է մինչեւ ուղեւորին տեղ հասցնելը դիմանալ: Հագուստի մասին բողոքներին էլ արձագանքում է՝ մասնավոր աշխատող է, ու ինքն է որոշում իր տեսքը. «Կարծում եմ՝ Հայաստանում չպետք է լինեն նմանատիպ խնդիրներ, որովհետեւ մենք բոլորս ժամանակակից ենք: Շատ հաճախ ուղեւորներն ավելի կարճ են հագնվում, քան իմ շորտն է: Ամեն դեպքում, չի եղել դեպք, որ ինձ դրա համար դիտողություն անեն, կամ զգամ, որ նայում են»:

Понравилась статья? Поделиться с друзьями: