Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ։

Մարդու ամբողջ կյանքն անցնում է այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ։ Եվ մարդն, անկախ իր կամքից, գոնե երբեմն, ստիպված է հարմարվել ուրիշների հետաքրքրություններին, ցանկություններին, պահանջմունքներին և այլն։ Սա սոցիալ-հոգեբանական ադապտացիան է, ավելի լայն իմաստով`մարդու հարմարումն է շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, միաժամանակ պահպանելով սեփական արժեքային համակարգը և աշխարհայացքը։ Վերը նշվածը կարելի է վերագրել նաև ամուսնական կամ ընտանեկան ադապտացիային։


Այսպիսով, ամուսնական ադապտացիան զույգերի հարմարումն է մեկը մյուսին և այն իրադրությանը, որում գտնվում է տվյալ պահին ընտանիքը։ Ամուսնական ադապտացիան, եթե դիտարկենք հոգեբանական տեսանկյունից, դա, առաջին հերթին, ամուսինների դրական զգացմունքների՝ սիրո, հարգանքի, համակրանքի, նվիրվածության և տարբեր պահանջմունքների՝ սեռական, նյութական, հոգևոր, ինչպես նաև նրանց հետաքրքրությունների, կարծիքների ու հայացքների համաձայնեցումն է։ Միշտ չէ, որ ամուսնական ադապտացիան հաջող է ընթանում, լինում են տարբեր տարաձայնություններ և բախումներ զույգերի միջև։ Այս դեպքում ընտանիքում ի հայտ է գալիս ադապտացիայի հակադիր երևույթը՝ դեզադապտացիան։ Վերջինս նպաստում է հետևյալ տիպերի ընտանիքների ձևավորմանը․

խնդրահարույց,
նևրոտիկ,
հակասոցիալական,
հակամարտային:

Ամուսնական համատեղելիություն
Ընտանիքում ամուսինների հոգեբանական համատեղելիության հարցում շատ կարևոր է նրանց այս կամ այն չափով նման և տարբեր լինելը։ Առօրյայում հաճախ ենք լսում նմանատիպ արտահայտություններ՝ մենք այնքան նման ենք իրար, կամ հակառակը՝ մենք ծայրահեղ տարբեր բևեռներ ենք։ Այստեղ հարց է ծագում․ամուր և լիարժեք ընտանիք կազմելու համար ցանկալի է զույգերի տարբերությո՞ւնը, թե՞ նմանությունը։ Սա կարելի է բացատրել հետևյալ կերպ․մարդիկ, ի սկզբանե, տարբեր են՝ օժտված բնածին (խառնվածքի տարրեր, ժառանգական հատկություններ) և ձեռքբերովի (աշխարհայացք, սկզբունք) գծերով։ Բնածին գծերը պետք է ընդունել, իսկ ձեռքբերովի գծերը հետաքրքրություն են առաջացնում զույգերի միջև։

Այնուամենայնիվ, ամուր ընտանիքի կառուցման հիմքն ամուսնական համատեղելությունն է, մասնավորապես՝ հոգեբանականը։ Հոգեբանական համատեղելիությունը ընդգրկում է մի շարք համատեղելիության ոլորտներ:

Ֆիզիկական և հոգեֆիզիոլոգիական. ներառում է մարմնական համատեղելություն և խառնվածքների համատեղում, օրինակ, հոգեֆիզիոլոգիական առումով միմյանց լրացնում են սանգվինիկ-մելանխոլիկ, խոլերիկ-ֆլեգմատիկ խառնվածքով զույգերը։
Սեքսուալ համատեղելիություն. ներառում է տղամարդու և կնոջ մարմինների համապատասխանությունը, սեռական պահանջմունքների և սեքսուալ հարաբերություններում հուզականության համընկնումը։
Ինտելեկտուալ համատեղելիություն. ինտելեկտուլ զարգացվածության համընկնում, հաճախակի պետք է լինեն զույգերի միջև նմանատիպ զրույցները։
Բնավորությունների համատեղելիություն. այստեղ կարևոր է հասնել այն գիտակցմանը, որ կարիք չկա տարիներ շարունակ ջանք գործադրել զուգընկերոջ բնավորության այս կամ այն գիծը փոխելու համար, քանի որ դրանք բավականին խորքային են և անձնային։ Կարելի է, պարզապես, որոշ չափով հարմարվել և զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։
Վերոնշյալ ոլորտները չեն կրում բացարձակ բնույթ, շատ զուգերի մոտ ներդաշնակ հարաբերությունների համար նույնիսկ բավական է, պարզապես, սոցիալական և անձնային հասունությունը, մասնագիտական ոլորտում բավականաչափ կայացածությունը, ընտանիքը նյութապես ապահովելու կարողությունը, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու ունակությունը։

Հարգելի ընթերցողներ, անկախ ամուսնական հարաբերություններում ծագած դժվարություններից, պետք է հիշել, որ ընտանիքը հասարակության բյուրեղն է և բնության հրաշալիքներից մեկը։

Ընտանիք կազմելը դեռ բավական չէ նրա հարատևման համար, այն պահանջում է մշտական և փոխադարձ ուշադրություն՝ հիմնված սիրո և հարգանքի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: