1։0. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իռլանդիայի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ իրավունք է վաստակել հանդես գալու Ազգերի լիգայի B լիգայի մրցումներում։ Այստեղ մեր ընտրանուն անհամեմատ ուժեղ մրցակիցներն են բաժին հասել։
Ազգերի լիգայի B լիգայի առաջին խաղում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։


Հանդիպումը շատ համարձակ սկսեցին հյուրերը, բայց մեր հավաքականը պատասխանեց Տիգրան Բարսեղյանի և Էդուարդ Սպերցյանի հարվածներով, որոնք իրենց մեջ բավականին մեծ վտանգ էին պարունակում։
Առաջին խաղակեսում իռլանդացիները որոշակի ճնշում էին գործադրում մեր կիսադաշտում, ու մեր հավաքականը հաճախակի սխալվում էր պաշտպանությունից դուրս գալիս։
Դրվագներից մեկում էլ մեր թիմին անխուսափելի գոլից փրկեց Հովհաննես Հաբարձումյանը։ Իռլանդիայի առավելությունը աստիճանաբար ընդգծվեց։ Բայց մինչև ընդմիջում հաշիվը մնաց անփոփոխ՝ 0։0։
Երկրորդ խաղակեսը մերոնք անհամեմատ ակտիվ սկսեցին ու նույնիսկ գրավեցին Իռլանդիայի դարպասը։ Սակայն գեղեցիկ գրոհը արդյունավետ չէր մրցավարների տեսանկյունից, քանի որ Հովհաննես Համբարձումյանը խաղից դուրս վիճակում էր եղել։
Հայաստանի հավաքականը շատ լավ պաշտպանվում էր։ Ճիշտ է` հարձակվելիս ինչ– որ բան մեր տղաների գործողություններում պակասում էր, այդ պատճառով էլ գրոհներն արդյունավետ ավարտ չէին ունենում։
Բայց մեր ֆուտբոլիստները, ու մասնավորապես Էդուարդ Սպերցյանը, հիանալի հետևություն էին արել. եթե չի հաջողվում տուգանային հրապարակում ինչ– որ բան անել, ուրեմն պետք է անել հեռու տարածությունից։
«Կրասնոդարի» կիսապաշտպանի «կրակոցը» մոտ 25 մետրից անկասելի էր, և Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ Խաղի ավարտին մնում էր 15 րոպե, և սա արդեն անակնկալ էր, ու առաջին հերթին` իռլանդացիների համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: