Ներխուժում Սյունիքում. Հայաստանի հարավում Ադրբեջանը շուրջ 900 հեկտար տարածք է վերահսկում

Արբանյակային լուսանկարների հիման վրա որոշեցինք հաշվարկել, թե որքան տարածք է զբաղեցրել ադրբեջանական զորքը Սյունիքի հարավում ներխուժման հետևանքով։
ՀՀ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում ադրբեջանական ԶՈւ–ն անընդհատ ամրանում է։


44-օրյա պատերազմից հետո Բաքուն ՀՀ տարածքի Սոթք–Խոզնավար (Գեղարքունիքից Սյունիք) հատվածում ավելի քան 45 քառակուսի կմ տարածք է գրավել։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ Հայ զինվորականի մահվան կապակցությամբ ԱԳՆ–ի վերջերս արած հայտարարության մեջ ասվում էր, որ 2021 թվականի մայիսից Ադրբեջանի ԶՈւ–ն Սոթք–Խոզնավար հատվածում «ապօրինի կերպով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք»։
Դեռ 2021 թվականի դեկտեմբերին ԱԳՆ–ն հայտարարել էր ավելի քան 40 քառ. կմ օկուպացնելու մասին (չնշելով կոնկրետ հատվածը)։
Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, ներխուժում են իրականացրել ոչ միայն Սոթք–Խոզնավար հատվածում։ Նրանց առաջխաղացումը նկատելի է և պաշտոնապես հաստատվել է Ներքին Հանդ գյուղի շրջանում և դրանից ավելի հարավ ընկած հատվածում` Վարդասար բարձունքի տարածքում։
Մենք փորձել ենք հաշվարկել Ներքին Հանդ գյուղ – Բարդութաղք (Բարթազ) լեռ հատվածում այս տարվա մայիսի 28-ի դրությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ առնված տարածքի մակերեսը։
Հաշվարկներն իրականացվել են` հիմնվելով Google Earth–ի և Sentinel Hub–ի արբանյակային լուսանկարների և գործիքների վրա` ուղիղ գիծ անցկացնելով նշված շրջանում արդեն իսկ հայտնի ադրբեջանական դիրքերի միջև։
Կոպիտ հաշվարկներով` Սյունիքի այդ հատվածում Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ է գտնվում մոտ 9 քառ. կմ (մոտավորապես 900 հա) ՀՀ տարածք։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են գերիշխող բարձունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս շատ ավելի մեծ տարածք տեսնել։

Հարկ է նշել, որ ադրբեջանական ԶՈւ–ն չի դադարում ակտիվ ինժեներական աշխատանքները հայկական տարածքում։ Ընդամենը 1-2 ամիս առաջ նրանք ամրապնդեցին իրենց դիրքերը Ներքին Հանդ գյուղի մոտ միանգամից երկու ուղղություններով, ինչի մասին արդեն գրել ենք։
ՀՀ ՊՆ–ն, ի պատասխան մեր հրապարակման, հայտարարել էր, որ առաջխաղացումը տեղի է ունեցել պատերազմից հետո, մասնավորապես` 2021 թվականի գարնանը։
Սակայն առաջխաղացման փաստը նկատելու համար բավական է միայն նայել ՊՆ–ի նախորդ պարզաբանումը (այնտեղ արձանագրված է ուղղություններից միայն մեկը) և համեմատել 2022 թվականի ապրիլ և մայիս ամիսներին արբանյակից (Sentinel 2) արված լուսանկարները։
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ինժեներական աշխատանքները Ներքին Հանդ գյուղի շրջանում 2022թ. ապրիլ-մայիսին — Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ինժեներական աշխատանքները Ներքին Հանդ գյուղի շրջանում 2022թ. ապրիլ-մայիսին

Նշենք, որ ավելի վաղ այլ տարածքներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՀ տարածքի հաշվարկ էին իրականացրել նաև Civilnet–ն ու Hetq–ը։ Civilnet –ի տվյալներով` Սոթք–Խոզնավար հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում ավելի քան 54 քառ. կմ տարածք։ Hetq–ի տվյալներով` միայն Վարդենիսի հատվածում Բաքուն վերահսկում է մոտ 32 քառ. կմ տարածք։

Понравилась статья? Поделиться с друзьями: