Այս բաղադրատոմսը բոլոր առումներով պարզ է. հասարակ բաղադրիչներ, քիչ ժամանակ ու անգերազանցելի արդյունք:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 320գ
- մածուն կամ կեֆիր՝ 250գ
- աղ, սոդա՝ յուր. 0,5թ.գ.
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
միջուկի համար.
- լոլիկ
- երշիկ
- պանիր
- զեյթուն
- տոմատի մածուկ կամ սոուս
- ձեթ՝ 2 ճ.գ.
Պատրաստման եղանակ.
Բնականաբար միջուկը կարող եք փոփոխել ըստ ցանկության:
Սկզբում միացնել ջեռոցը, քանի որ գործընթացը շատ ժամանակ չի պահանջում:
Ալյուրը մաղել և միացնել աղի ու փխրեցուցիչի հետ:
Սենյակային ջերմաստիճանի կեֆիրի մեջ լցնել սոդան ու լավ խառնել, որ այն ակտիվանա: Այստեղ ավելացնել ալյուրը ու խմոր հունցել: Զգույշ եղեք, որ ալյուրը չչարաշահեք, այլապես «փայտե» խմոր կստացվի:
Խմորը բաժանել երկու հավասար մասերի ու գրտնակել յուղաթղթի վրա, որին նախապես ձեթ եք քսել:
Խմորին քսել տոմատի մածուկ, միջուկ դնել և վերջում՝ քերած պանիր:
Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 10 րոպե:
Բարի ախորժակ: