Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում 12 պաշտոնյա է ընդգրկված։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։
Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Հանձնաժողովի անդամներն են.
— ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,
— ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը,
— ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,
— ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը,
— ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարացը,
— Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
— ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը,
— ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը,
— ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը,


ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին է որոշում ստորագրել, որով հաստատել է ադրբեջանական հանձնաժողովի կազմը: 23 պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը կղեկավարի երկրի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: