«Դրոշը վառիք, չթողիք` երեխեքին բերեն». գերու հայր

Շիրակցի գերիների հարազատները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը դեպի Գյումրի՝ նշելով, որ «հարցեր ունեն ընդդիմադիրներին», տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ շիրակցի գերիների հարազատների հետ բանակցություններ են վարում «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակից ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։

Ծնողներից մեկը Գեղամ Մանուկյանի հետ զրույցում նշեց, թե իրենք ընդդիմության ծրագիրն են ուզում իմանալ։

«Առաջին հերթին բոլոր նախարարներին պետք է պաշտոնից ազատել, 1 տարի է՝ շտաբի պետ չունենք»,- նշեց Մանուկյանը։

Գերու ծնողն էլ բորբոքված վրա բերեց․«Ուզում եմ իմանալ, ինչի՞ դրոշը վառիք, չթողիք՝ երեխեքին բերեն»։

Գեղամ Մանուկյանը որոշեց զրուցել ծնողի հետ «դրոշ վառելու» թեմայով։

«Ես նոյեմբերին նստեցի հացադուլի, քո նման շատ ծնողներ գալիս, ասում էին՝ դու հացադուլի ես նստում, չես թողնում, որ Նիկոլը գերիներին վերադարձնի։ Հազար անգամ ձեններս կտրել ենք։ Ամիսներով ասում էիք՝ ցույց մի՛ ըրեք, Նաիրի Սարգսյանը խոստացել է… Նաիրի Սարգսյանը հիմա ձեր հետ հանդիպու՞մ է, հիմա ինքը Դուբայներում է։ Ընտրություններին էլ ասեց՝ մի երկու ամիս կսպասեն։ Մենք 30 տարի դրոշ ենք վառել, գերի ընկնող եղե՞լ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ «ո՞վ է ասում, որ դրոշը վառել են, դրա համար գերիներին չեն բերել»։ Գերու ծնողն էլ նշեց, թե «հըմի` ով ըսել, չի ըսել»։

Գերու ծնողի խոսքով՝ եթե ընդդիմադիրները հիմա երկու գերու կարողանան վերադարձնել, իրենք բոլորով կգնան, ընդդիմության կողքին կկանգնեն։

«Դիմադրություն» շարժման ավտոերթի մի քանի մասնակիցների հաջողվեց մեքենաներով ճեղքել շղթան, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհը դեռևս փակ է։

Տեղեկացնենք, որ Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 13։00-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: