ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ին, կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից: Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբագեներատորների միջին վերանորոգում:

Շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: