5 մթերք երեխաների գլխուղեղի ճիշտ զարգացման համար

Սննդակարգը շատ կարևոր նշանակություն է ունենում մարդու ամբողջ օրգանիզմի զարգացման հարցում, իսկ ճիշտ ընտրված սննդամթերքի տեսակներն օգնում են բարելավել տարբեր օրգանների, այդ թվում նաև գլխուղեղի աշխատանքը՝ ամրապնդելով հիշողությունը, օգնելով ավելի լավ կենտրոնանալ ու խթանելով գլխուղեղի գործառույթները։ Սա հատկապես կարևոր է երեխաների համար, քանի որ օրգանիզմի ակտիվ զարգացման փուլում նրանց հարկավոր է առավելագույնս առողջարար ու սննդարար մթերք։


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեխաների գլխուղեղի ճիշտ զարգացման համար ամենակարևոր սննդամթերքի տեսակները, որոնք հարկավոր է անպայման ներառել փոքրիկների ամենօրյա սննդակարգում։

Հավկիթ

Երեխաների նախաճաշում հավկիթ ներառելը շատ կարևոր է, քանի որ օգնում է ապահովել փոքրիկների օրգանիզմին անհրաժեշտ ածխաջրերի, սպիտակուցների ու օգտակար ճարպերի անհրաժեշտ համադրությունը։ Հավկիթը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր սպիտակուցներով, ինչպես նաև հիշողությունը բարելավող նյութով՝ խոլինով, ուստի այս մթերքը սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել երեխաների գլխուղեղի առողջության ու ակտիվության համար։

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ շատ օգտակար են գլխուղեղի զարգացման ու առհասարակ առողջության համար։ Ճարպաթթուները բջիջների «շինանյութային» մասնիկների կարևոր բաղադրիչներից մեկն են, ուստի դրանցով հարուստ մթերքի գործածությունը շատ կարևոր է։ Օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են սաղմոնը, թյունոսը, սկումբրիան, սարդինաները, իշխանն ու այլ յուղոտ ձկնատեսակները, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ անգամ որևէ յուղոտ ձուկ ուտել։

Վարսակի փաթիլներ

Վարսակը գլխուղեղի համար անհրաժեշտ էներգիայի և «վառելիքի» հիանալի աղբյուր է, որը պետք է անպայման ներառված լինի երեխաների սննդակարգում։ Այս հացահատիկը հարուստ է մանրաթելերով, իսկ դրանից պատրաստված շիլան հիանալի միջոց է երեխաների կոգնիտիվ կարողությունները բարելավելու ու խթանելու համար։ Բացի այդ, վարսակի փաթիլները պարունակում են մեծ քանակությամբ Е և В վիտամիններ ու ցինկ, որոնք դրական ազդեցություն են ունենում երեխաների ինտելեկտի վրա։

Վառ գունավորում ունեցող բանջարեղեն

Վառ գունավորում ունեցող բանջարեղենի տեսակները հարուստ են անչափ կարևոր հակաօքսիդանտներով, որոնք ամրապնդում են գլխուղեղի բջիջների առողջությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենի տարբեր տեսակներ, այդ թվում նաև լոլիկ, քաղցր կարտոֆիլ, դդում, գազար, սպանախ և այլն ներառել երեխաների սննդակարգում՝ հավելելով դրանք ապուրներին ու տարբեր ուտեստների համար նախատեսված սոուսներին։

Յոգուրտ ու պանիր

Կաթնամթերքն ու պանիրը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ ու B խմբի վիտամիններ, որոնք շատ կարևոր են գլխուղեղի հյուսվածքների աճի համար։ Սննդամթերքի այդ տեսակները նաև հարուստ են կալցիումով, որը նպաստում է առողջ ու ամուր ատամների և ոսկորների զարգացմանը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ երեխաներին խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ կալցիումով հարուստ մթերք տալ, սակայն այնուամենայնիվ այս տարրի 2-3 աղբյուր պետք է ամեն օր անպայման ներառված լինի երեխաների սննդակարգում։ Եթե երեխան չի սիրում կաթ խմել, ապա կարելի է այդ օգտակար ըմպելիքը կիրառել նրբաբլիթներ, տարատեսակ շիլաներ կամ նույնիսկ քաղցրավենիք պատրաստելու համար։

Լոբազգիներ

Լոբին օրգանիզմի համար շատ կարևոր սպիտակուցների, հանքանյութերի ու վիտամինների հիանալի աղբյուր է, որը հարկավոր է անպայման սննդակարգի մասը դարձնել։ Բացի այդ, այն հարուստ է նաև գլխուղեղի համար շատ կարևոր օմեգա-3 ճարպաթթուներով։ Աղցաններին ու այլ ուտեստներին լոբի ավելացնելը կօգնի դարձնել ուտեստը ոչ միայն ավելի համեղ, այլև շատ ավելի օգտակար։

Понравилась статья? Поделиться с друзьями: