Ինչպես պայքարել բշտիկների դեմ․ բնական ու արդյունավետ բաղադրատոմսեր

Բշտիկներն ու կորյակները սովորաբար մտազուգորդվում են դեռահասության շրջանի ու հորմոնալ տատանումների հետ, սակայն այս տհաճ մաշկային խնդրին մարդիկ կարող են բախվել ցանկացած տարիքում: Շատ դեպքերում դրանք պայմանավորված են լինում այս կամ այն հիվանդությամբ, մաշկի բորբոքումներով, սխալ խնամքով, անհամապատասխան սննդակարգով և մի շարք այլ խնդրներով, ուստի առողջ ու հարթ մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին պարզել խնդրի առաջացման պատճառն ու ազատվել դրանից: Սակայն անգամ այս դեպքում երբեմն բշտիկները չեն անհետանում կամ թողնում են բավական տհաճ հետքեր, ուստի հարկավոր է լինում հավելյալ միջոցներ ձեռնարկել մաշկի վիճակը բարելավելու համար:

Բշտիկներից ազատվելու, բորբոքումները բուժելու և մաշկի գույնը հավասարեցնելու համար կարելի է կիրառել տարատեսակ դեղամիջոցներ կամ կոսմետիկ միջոցներ, սակայն սխալ ընտրության դեպքում նման միջոցները կարող են անարդյունավետ լինել կամ էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակը: Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է կիրառել բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են, չեն առաջացնում կողմնակի բարդություններ և ալերգիաների բացակայության դեպքում համապատասխանում են յուրաքանչյուրի մաշկին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից ամենաարդյունավետները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել մաշկային այս տհաճ խնդրից։

  • Կեչու չորացրած ու մանրացրած կեղևին 5։1 հարաբերակցությամբ ավելացնել եռման ջուր, թրմել 8 ժամ, որից հետո քամել։ Ստացված թուրմն օգտագործել մաշկը մաքրելու և բշտիկների հատվածում թրջոցներ դնելու համար։
  • 3 ճաշի գդալ կեչու բողբոջներին ավելացնել կես բաժակ օղի, մեկ շաբաթ թրմել որևէ մութ տեղում, այնուհետև քամել և օգտագործել որպես արդյունավետ լոսյոն յուղոտ ու խնդրահարույց մաշկի խնամքի համար։
  • 2 ճաշի գդալ չորացրած եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ օղի, 10 օր թրմել որևէ մութ տեղում, այնուհետև ստացված ոգեթուրմն օգտագործել որպես լոսյոն օրական երկու անգամ լվացվելուց հետո մաշկին քսելու համար։
  • Կես կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի բաժակ գոլ ջուր, լավ խառնել և օգտագործել ստացված հեղուկը որպես բնական լոսյոն։
  • 3 ճաշի գդալ թարմ վարունգի խյուսին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 2-3 ժամ, այնուհետև քամել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել։ Բամբակյա սկավառակը թրջել ստացված խառնուրդով, լվացվելուց հետո քսել լոսյոնը մաշկին, թողնել 30-40 րոպե, այնուհետև կրկին լվացվել սառը ջրով։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: