Ինչպես աճեցնել ցորեն Զատիկի համար,որ գեղեցիկ ծլի

Ցորեն աճեցնելը վաղուց արդեն դարձել է հայկական Զատիկի անբաժանելի մասը: Այն ոչ միայն գեղեցիկ դեկորացիա է Զատիկի սեղանի համար, այլև գարնանային յուրօրինակ շունչ է հաղորդում ողջ բնակարանին Ցորեն աճեցնելու համար մեզ անհրաժեշտ է`
• Ցորենի հատիկ (լավ կլինի գնել ոչ թե սուպերմարկետներից, այլ շուկայից),
• Հող,
• Տարա, որի խորությունը չպետք է 5սմ-ից քիչ լինի,
• Թղթե անձեռոցիկներ կամ սննդային պոլիէթիլեն:
Ցորենը շարում ենք տարայի մեջ ու ջրում սենյակային ջերմաստիճանի ջրով այնպես, որ այն ցորենը ծածկի 1-2սմ-ով:
Այսպես ցորենը պետք է մնա մի քանի օր (ոչնչով պետք չէ ծածկել):
Օրերը լրանալուց հետո ցորենը թել է տալիս:

Այդ ժամանակ ցորենի հատիկները լցնում ենք թաց անձեռոցիկի վրա և ծածկում սննդային պոլիէթիլենով կամ անձեռոցիկով:
Թողնում ենք ցորենն այդպես մնա մի քանի օր` մինչև 1-2սմ երկարությամբ ծլերի հայտնվելը: Ողջ ընթացքում պետք է ուշադրություն դարձնել անհրաժեշտ խոնավությանը` մշտապես թրջելով ցորենը, որպեսզի անձեռոցիկը չչորանա:
Այնուհետև զամբյուղի կամ այլ տարայի մեջ հող ենք լցնում, որի հաստությունը չպետք է 3սմ-ից քիչ լինի:

Ապահովության համար հողի տակ կարող ենք պոլիէթիլեն դնել, որպեսզի ջուրը կամ հողը չթափի զամբյուղի անցքերից:

Հողը հավասարեցնում ենք, թրջում, ինչից հետո հավասար և հաստ շերտով լցնում ենք ցորենը: Այս ամենը ծածկում ենք անձեռոցիկով, թրջում ու փակում պոլիէթիլենով (պոլիէթիլենի թաղանթի վրա մի քանի անցք ենք անում, որպեսզի օդը կարողանա ներթափանցել):

Թողնում ենք այդպես մնա մի քանի օր՝ այդ ընթացքում պարբերաբար ջրելով ցորենը, ապա հանում պոլիէթիլենը, որպեսզի ցորենը բորբոսով չպատվի:
Հետագայում շարունակում ենք ջրել ծիլերն ու աճացնում ցորենը ցանկալի բարձրության:

Ցանկության դեպքում ցորենը կարող ենք ձվերով կամ ծաղիկներով զարդարել, կտրել, ձև տալ և այլն:

Понравилась статья? Поделиться с друзьями: