Հակառակորդի կրակոցից զոհված սերժանտ Հրաչ Մանասարյանը 2 անչափահաս որդի ուներ, 5 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33-ամյա Հրաչ Մանասերյանը ծնունդով Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր:


Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Ակների համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

Նա նաև հավելեց, որ Մանասերյանը արդեն 10 տարի էր, ինչ ապրում էր Արարատի մարզում:

«Կինն այնտեղից էր, աշխատանքի բերումով տեղափոխվեցին Արարատ: Անչափահաս զավակներ ուներ՝ 2 որդի: 5 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր, դրանից առաջ գյուղի գործերով էր զբաղվում»,- ասաց համայնքապետը:

Մինասյանը նաև հայտնեց, որ զոհված զինծառայողը եղբայրներ ու քույրեր ունի. «Հայրը մահացել է, իսկ մայրը ողջ է: Գալիս են հաճախ: Քույրն էլ նույն գյուղում է ամուսնացել, որտեղ իրենք տեղափոխվել են»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: