Բայդեն․ «Պուտինն ագրեսոր է, Պուտինն ընտրել է պատերազմը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հինգշաբթի ուշ երեկոյան ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա չհրահրված էր և նախապես ծրագրված։

«Պուտինն ագրեսոր է, Պուտինն ընտրել է պատերազմը», — ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավաստիացնելով, որ այդ գործողություններն անպատասխան չեն մնա։
Բայդենի խոսքով՝ Ուկրաինա ներխուժումը հարձակում է խաղաղ համակեցության սկզբունքների վրա։

Միացյալ Նահանգների նախագահը տեղեկացրել է, որ Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ պայմանավորվել է Ռուսաստանի դեմ միասնական քայլեր ձեռնարկել։

Աշխարհի 7 առաջատար արդյունաբերական երկրները, մասնավորապես, կսահմանափակեն Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունը՝ դուրս մղելու Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից։

Սահմանափակումների նոր փաթեթի մասին հայտարարելիս Ջո Բայդենը շեշտել է, որ քայլերը նախատեսված են՝ առավելագույնի հասցնելու երկարաժամկետ ազդեցությունը Ռուսաստանի վրա և նվազագույնի հասցնելու ազդեցությունը Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների վրա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնի տնտեսական պատժամիջոցները կխաթարեն բանակն արդիականացնելու Ռուսաստանի հնարավորությունները, կհարվածեն երկրի մրցունակությանը բարձրտեխնոլոգիական 21-րդ դարում։

Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ արդեն ռուսական ռուբլու փոխարժեքը հասել է նվազագույն մակարդակի, փլուզվել է ռուսաստանյան արժեթղթերի շուկան։

«Այս փուլում ամերիկյան կառավարությունը որոշել է թիրախավորել չորս ռուսական բանկեր, որոնց ակտիվները կազմում են առնվազն մեկ տրիլիոն դոլար։ Դրանց թվում է ռուսաստանյան՝ մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկը։ Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն», — հայտարարել է Ջո Բայդենը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ որոշել է առայժմ Ռուսաստանը չանջատել SWIFT համակարգից։

Ֆինանսական վճարային համակարգից օգտվելու արգելքի հետևանքով, մասնագետների համոզմամբ, մեծապես կտուժեն շարքային ռուսաստանցիները։

Սպիտակ տան ղեկավարը, սակայն, նշել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետագա սրացման դեպքում Ռուսաստանի դեմ կարող են սահմանվել առավել կոշտ քայլեր։

«Պուտինն առավել փառամոլ պլաններ ունի Ուկրաինայում՝ նա ցանկանում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը», — համոզմունք է հայտնել Միացյալ Նահանգների նախագահը՝ կրկնելով՝ ամերիկյան ուժերն Ուկրաինայում Ռուսաստանի դեմ չեն պատերազմի, բայց կպաշտպանեն ՆԱՏՕ-ի տարածքի ամեն թիզը։

Հիշենք՝

Понравилась статья? Поделиться с друзьями: