Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերված աջակցությունը։
Ադրբեջանից այսօր Հայաստան տեղափոխող ռազմագերիների ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից օդանավակայանում դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը


Հայտնել էինք, որ Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ այսօր ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Նրանք են`
1.️ Տարզյան Սարգիս
2.Բալայան Վարդգես
3.Պետրոսյան Արմեն
4.Բաբայան Արթուր
5.Սարգսյան Հմայակ
6.Գալոյան Գուրգեն
7.Կյուրեղյան Գրիգոր
8.Մալոյան Վաղարշակ:


«Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Մինչ այս` 2021–ի դեկտեմբերի 29–ին, Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից էին։


Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։

Понравилась статья? Поделиться с друзьями: