Լավ լուր. Հայտնի են այսօր Բաքվի տված 8 հայ գերիների անունները

Գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքում։
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է այսօր Բաքվի տված 8 հայ գերիների անունները։ Նրանք են`

1.️ Տարզյան Սարգիս
2.Բալայան Վարդգես
3.Պետրոսյան Արմեն
4.Բաբայան Արթուր
5.Սարգսյան Հմայակ
6.Գալոյան Գուրգեն
7.Կյուրեղյան Գրիգոր
8.Մալոյան Վաղարշակ

Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի, փաստը հաստատել էր Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը` մանրամասնելով, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։

Նշվում է, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Հիշեցնենք` մինչ այս` 2021–ի դեկտեմբերի 29–ին, Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից էին։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։

Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։

Понравилась статья? Поделиться с друзьями: