Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում
Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: