Փոխհատուցում կստանան կին, զավակներ և ծնողներ չունեցող զոհված զինծառայողների հարազատ եղբայրները, քույրերը, տատերն ու պապերը

Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները և ծնողները:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած անձինք չունեն կին, զավակներ և ծնողներ: «Այս զինծառայողների մասով հատուցում չի տրամադրվել ընտանիքի որևէ անդամի»,- ընդգծել է պատգամավորը և հավելել, որ նրանք ունեն հարազատ քույր, եղբայր, տատ և պապ: Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, ըստ որի` այն զոհված զինծառայողների մասով, որոնք չունեն կին, զավակներ և ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին և պապերին:

«Մեր պարտականությունն ու պարտավորությունն է մեր այս հայրենակիցների մասով նույնպես կատարել հատուցումը և նրանց ընտանիքի անդամներին վճարել այդ գումարները»,- նշել է զեկուցողը: Նրա տեղեկացմամբ` հատկացվելիք գումարը բաշխվելու է հավասարաչափ: Եթե զոհված զինծառայողն ունի երկու հարազատ եղբայր, նրանցից յուրաքանչյուրը կստանա միանվագ 5 մլն դրամ և 100 հազար դրամ` առաջիկա քսան տարիների ընթացքում ամենամսյա կտրվածքով:

Մեկ այլ փոփոխությամբ Հայկ Սարգսյանն առաջարկում է շահառու ճանաչել նաև զոհված զինծառայողի հետ փաստական, սակայն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձանց: Հարակից զեկույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը լրամշակվել է կառավարության առաջարկների հիման վրա:


Գլխադասային` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը և հորդորել կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ հունվարի 19-ի նիստում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: