Եթե պարբերաբար ստիպված եք գլխամաշկը քորել՝ դեռ չի նշանակում, որ երեւույթի պատճառը թեփն է: Մի շարք այլ խանգարումներ եւս, ներառյալ՝ խուզող մկնատամը, ինչպես նաեւ առավել լուրջ բնույթի բակտերիալ ինֆեկցիաներ եւ աուտոիմուն հիվանդություններ, կարող են գլխամաշկի քոր առաջացնել: Այնպես որ, տհաճ երեւույթից ազատվելու համար նախ եւ առաջ հարկավոր է դրա առաջացման պատճառը գտնել:
Ստորեւ դրանցից 5 ամենատարածվածներն ու բուժման համապատասխան միջոցներն ենք ներկայացնում.
1. Թեփը եւ սեբորեային դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման ամենալայն տարածում գտած միջոցներն են հանդիսանում:
«Գանգամաշկին առկա խմորիչների բաղադրության աճը կարող է համապատասխան բորբոքային արձագանք հրահրել՝ քորի տեսքով», — մեկնաբանել է մաշկաբան Մելիսա Պիլիանգը:
Բուժում. Մեղմ արտահայտվածության պարագայում կարելի է սելենիում կամ ցինկի պիրիտիոն պարունակող շամպունների օգնությանը դիմել՝ խմորիչների բաղադրության կարգավորման նպատակով: Իսկ առավել ծանր դեպքերում բժշկի կողմից նշանակված հատուկ հակասնկային շամպունները, քսուքները, լուծույթները կամ փրփուրները կարող են օգնության գալ:
2. Փսորիազ. այս քրոնիկ աուտոիմուն հիվանդությունը մաշկին կամ գանգամաշկին ի հայտ եկող կարմիր, մեծ չափերի բծերով է բնորոշվում: Խանգարումը ոչ միայն վարակիչ չէ, այլ նաեւ առաջացման հստակ հասկանալի պատճառներ չի դրսեւորում: Այդուհանդերձ, հիվանդության ձեռք բերման ռիսկը բարձր է այն պարագայում, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկի մոտ դրա առկայություն է հաստատվել:
Բուժում. Դոկտոր Պիլիանգը խորհուրդ է տալիս, որպես գանգամաշկի փսորիազի վերահսկման միջոց, կուպր կամ սալիցիլաթթու պարունակող բուժական շամպունների օգնությանը դիմել: Իսկ եթե դրանք էլ չեն օգնում, հարկավոր է մաշկաբանի խորհրդին դիմել՝ առավել ազդեցիկ շամպունների տեսքով նշանակում ստանալու համար:
3. Tinea capitis. այս սնկային ինֆեկցիան, որ նաեւ «խուզող մկնատամ» անվամբ է հայտնի, մազերի ֆոլիկուլներն ախտահարելու եւ փոքր՝ աստիճանաբար մեծացող մակերեսով մազաթափություն հրահրելու հատկություն ունի: Միաժամանակ նաեւ գլխամաշկին սեւ կետերով ցանի առաջացման պատճառ կարող է դառնալ:
Բուժում. Մաշկի «խուզող մկնատամի» առկայության պարագայում տհաճ երեւույթներից կարելի է ցանկացած հակասնկային քսուքի օգնությամբ ազատվել, սակայն երբ Tinea capitis-ը գլխամաշկն է ախտահարել, խնդրին միայն բժշկի նշանակմամբ՝ հակասնկային դեղահաբերի միջոցով կարելի է լուծում տալ:
4. Գլխի ոջիլը, որպես կանոն, դպրոցահասակ երեխաների հետ է ասոցացվում, այնչինչ կարող է ցանկացած տարիքի մարդու մոտ ի հայտ գալ: Դոկտոր Պիլիանգի հավաստիացմամբ, այն մաքուր մազեր է սիրում, այնպես որ եթե պարզվել է՝ գանգամաշկի քորի պատճառը ոջիլն է, դեռ չի նշանակում, թե հիգիենակի կանոներին չեք հետեւում:
Բուժում. Գլխի ոջիլից կարելի է ինսեկտիցիդ պիրետրին կամ պերմետրին պարունակող շամպունների օգնությամբ ազատվել: «Շամպունի յուրաքանչյուր բանաձեւ իր կիրառման եղանակն ունի: Այնպես որ, ոջիլից ազատվելու համար, հարկավոր է տարայի վրա գրառված ցուցումներին հետեւել», — զգուշացրել է դոկտոր Պիլիանգը:
5. Ալերգիկ ռեակցիաներ. Մազերի ներկը, էկզեման եւ ատոպիկ դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման առավել հազվադեպ հանդիպող պատճառներից են հանդիսանում:
Բուժում. Ալերգիկ ռեակցիաները, որպես կանոն, դրանց առաջացման պատճառը հայտնաբերելուց եւ չեզոքացնելուց հետո, երկար չեն տեւում: Մինչդեռ պատճառը որոշ դեպքերում միայն մաշկաբանի միջնորդությամբ եւ մի շարք հետազոտությունների միջոցով կարելի է պարզել:
Ե՞րբ պետք է անհանգստանալ
Գլխամաշկի քորը մեծ ի մասամբ պատճառ չէ՝ մտահոգության համար: Բայց որոշ դեպքերում այն կարող է բավականին լուրջ խնդիրների առկայության մասին վկայել: Այնպես որ, հարկավոր է բժշկի օգնությանը դիմել, երբ.
• Ազատ վաճառքի շամպունները որեւէ կերպ չեն օգնում,
• Քորը նաեւ գիշերային, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման ժամերին է շարունակվում,
• Գլխամաշկին՝ ոջիլ կամ մազին՝ ոջիլի ձու եք նկատել,
• Քոր եկող մասերը նաեւ ցավոտ են