Սրտի նոպայի մասին հուշող ախտանշանները. Դրանք կարող են ի հայտ գալ զարգացումից շաբաթներ առաջ


Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այն սովորաբար բավական սրընթաց է զարգանում, ուստի շատերին թվում է, որ այս ախտաբանությունը որևէ ախտանշանով չի դրսևորվում։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ սրտի նոպան ոչ միշտ է «լուռ» լինում, իսկ երբեմն էլ դրսևորվում է բավական ակնհայտ ախտանշաններով, որոնք կարող են ի հայտ գալ նոպայից անգամ շաբաթներ առաջ։

Վիճակագրական տվյալներով՝ ամեն տարի միլիոնավոր մարդիկ են հայտնվում հիվանդանոցներում սրտի նոպաների պատճառով, իսկ նրանցից յուրաքանչյուր երրորդի դեպքում հիվանդությունը մահվան ելք է ունենում, քանի որ հիվանդն անհրաժեշտ բուժօգնությունը ժամանակին չի ստանում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել ու չանտեսել այն ազդանշանները, որոնք օրգանիզմը կարող է ուղարկել սրտի նոպայից օրեր կամ շաբաթներ առաջ։

Բժիշկների ամերիկյան քոլեջի գիտնականները հարցումներ են անցկացրել սրտի նոպա տարած ավելի քան 800 մարդու, ինչպես նաև նրանց հարազատների ու բժիշկների շրջանում, որից հետո առանձնացրել են այն հիմնական գանգատները, որոնք հաճախ են ունենում այս հիվանդությանը բախված հիվանդները։ Ընդ որում՝ այս գանգատները սովորաբար ի հայտ են գալիս սրտամկանի ինֆարկտից առաջ։

Այսպիսով՝ սրտանոթային այս վտանգավոր հիվանդության դեպքում հիվանդները հաճախ գանգատվում են այնպիսի խնդիրներից, ինչպիսին են կրծքավանդակի սուր ցավը, դժվարացած շնչառությունը, սրտխփոցը, զարկերակային ճնշման անսպասելի նվազումն ու գիտակցության կորուստը, ինչպես նաև որովայնի կամ մեջքի ցավերն ու սրտխառնոցը։

Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում սրտի նոպայի բարձր հավանականությամբ, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանք այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու համար, քանի որ նման խնդիրներն անտեսելը կարող է ճակատագրական լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: