Բաքուն քրեական գործ է հարուցել հայ տղամարդու սպանության կապակցությամբ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչը մահացել է ադրբեջանական պահակակետում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
Ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, միջադեպի ժամանակ ադրբեջանական դիրքում Լեռնային Ղարաբաղի բնակիչ է մահացել։ ՌԴ խաղաղապահների օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 13:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին, տեղափոխել Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով, հրազենից կրակոց արձակելով, սպանել են նրան: Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:

Понравилась статья? Поделиться с друзьями: