Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):
Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Շուտով Երևանում վայրէջք կկատարի Ադրբեջանից գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը. Ավագյան
10 հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռն արդեն ճանապարհին է։ Հրապարակվել է նրանց անունները.
Երիմյան Նարեկ Վոլոդյայի,
Առաքելյան Արայիկ Արշալույսի
Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,
Հակոբյան Գևորգ Արայիկի
Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,
Սարգսյան Հարութ Արամայիսի,
Մանասյան Արտյոմ Սուրենի,
Ավետիսյան Էրիկ Հունանի,
Թևոսյան Արման Արթուրի,
Հակոբյան Տիգրան Արմեն։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։
Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։