Դաշտանադադարը ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ մոտ……

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ: Վերջիններս բնորոշվում են սկզբում մանկածնային, ապա և դաշտանային ֆունկցիաների դադարեցմամբ:

Տարբեր գործոնների ազդեցության տակ (հոգեբանական, ֆիզիկական, շրջապատող միջավայր և այլն), ցանկացած պահին ֆիզիոլոգիական ԴԴ-ն կարող է վերածվել ախտաբանականի` դրսևորվելով դաշտանադադարային համախտանիշի ձևով (ԴԴՀ): Այն յուրօրինակ կլինիկական համախտանիշ է, ինչն արտահայտվում է նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային, հոգե-հուզական, սիրտ-անոթային, միզա-սեռական, ոսկրերի կառուցվածքային փոփոխություններով [4,5,9]: Դաշտանադադարային շրջանի ահեղ բարդություններից մեկը օստեոպորոզն է (ՕԶ): Վերջինս, որպես կանանց հաշմանդամության և մահացության պատճառ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում գրավում է առաջին տեղերից մեկը [6,11,12]: Թեև ԴԴՀ հետազոտման և բուժման բնագավառում ձեռք են բերվել զգալի հաջողություններ, այնուամենայնիվ տվյալ խնդիրը շարունակում է մնալ ինչպես գիտնականների, այնպես էլ գործնական բժիշկների ուշադրության կենտրոնում: Դաշտանադադարի հետ կապված մի շարք հարցեր դեռևս լուծման կարիք ունեն, որոնց թվում նաև ոսկրերի հանքային խտության (ՈՀԽ) տարբեր ցուցանիշների դեպքում ԴԴՀ–ի կլինիկական դրսևորումների առանձնահատկությունները:

Տվյալ աշխատանքի նպատակն է պարզել դաշտանադադարային համախտանիշի հաճախությունն ու դրսևորման առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց խմբերում:

Նյութը և հետազոտման մեթոդները: Պատահական ընտրությամբ 2010 թվականի ընթացքում հետազոտվել են 50-ից 69 տարեկան, դաշտանադադարային շրջանում գտնվող 67 կանայք, որոնք դիմել են դենսիտոմետրիկ հետազոտության ՙՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն՚: Դաշտանադադարային համախտանիշի կլինիկական ձևի, տարբեր խմբերի ախտանիշների դրսևորման աստիճանի գնահատում իրականացվել է ըստ Ե.Վ.Ուվարովայի կողմից ձևափոխված Կուպերմանի դաշտանադադարային ցուցիչի (ԴՁՑ): ԴԴՀ-ի ախտանիշները բաժանվում են 3 խմբի. նեյրո-վեգետատիվ, էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական: Յուրաքանչյուր ախտանիշ գնահատվում է 0-3 բալային համակարգով: Նեյրո-վեգետատիվ ախտանիշները գնահատվում են թեթև (10-20 բալ), միջին (21-30 բալ) և ծանր աստիճանի (30 բալից բարձր): Մինչև 10 բալը գնահատվում է որպես նեյրո-վեգետատիվ ախտաբանական համալիրի բացակայություն: Էնդոկրին-փոխանակային և հոգե-հուզական խանգարումները գնահատվում են թեթև (1-7 բալ), միջին (8-14 բալ) և ծանր աստիճանի (14 բալից բարձր): Բալերի ընդհանուր գումարը թույլ է տալիս գնահատել ԴԴՀ ծանրության աստիճանը որպես ԴԴՀ-ի բացակայություն (մինչև 10 բալ), թեթև աստիճան (11-34բալ), միջին ծանրության (35-58 բալ) և ծանր աստիճանի ԴԴՀ (58 և ավելի բալ) [5]: Դենսիտոմետրիկ հետազոտություն իրականացվել է Hologic DRG- 4500 (ԱՄՆ) սարքավորմամբ ողնաշարի գոտկային (L1-L4 հատվածի) և ազդրի պրոքսիմալ շրջաններում: ՈՀԽ գնահատումը իրականացվել է ըստ T-ցուցիչի (ԱՀԿ): T-ցուցիչը հետազոտվող այցելուի ՈՀԽ-ի համեմատումն է 30-35 տարեկան տարիքային խմբի միջին վիճակագրական նորմայի հետ: Չափման միավոր է հանդիսանում 1 ստանդարտ շեղումը (1 SD): T-ցուցիչի մեծությունը մինչև -1 SD գնահատվում է որպես նորմա, -1 SD-ից մինչև -2,5 SD օստեոպենիա (ՕՊ) և -2,5 –ից մեծ`օստեոպորոզ (ՕԶ): Վիճակագրական հետազոտության համար կիրառվել են վարիացիոն վիճակագրության համընդհանուր ճանաչում գտած մեթոդները: Գնահատվել են հետազոտվող ցուցանիշների միջին թվաբանականը (M), միջին թվաբանականի միջին սխալը (m), վարիացիոն շարքի նվազագույն և առավելագույն մեծությունները: Խմբերի միջին թվաբանականների տարբերությունների հավաստիությունը գնահատվել է Ստյուդենտի թեսթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: