10 հիմանական պատճառ մազաթափության մասին

Կանանց վարսերը նրանց գլխավոր զարդերից մեկն են, ուստի զարմանալի չէ, որ դրանց կորուստը սարսափեցնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Օրական մինչև 100 մազի կորուստը չպետք է անհանգստացնի, քանի որ դա բնական երևույթ է. պարզապես հների փոխարեն նորերն են աճում: Սակայն եթե սանրի վրա սովորականից ավելի շատ մազ է մնում, իսկ սանրվածքը կորցնում է իր փարթամությունը, ապա հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել մազաթափությունը դադարեցնելու և դրա առաջացման պատճառը գտնելու համար:

Գոյություն ունի մազաթափության մի քանի տեսակ, որոնց շարքին է դասվում նաև գենետիկ հակվածությամբ պայմանավորված մազաթափությունը: Սակայն կանանց մոտ սովորաբար մազաթափությունը պայմանավորված է լինում հորմոնալ դիսբալանսով կամ ուժեղ սթրեսով: Որոշ դեպքերում մազաթափությունը կարող է սկսվել դրա դրդապատճառ հանդիսացող դեպքից նույնիսկ 4 ամիս անց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառները:

1. Ծննդաբերություն

Հղիության ընթացքում կանանց օրգանիզմում կտրում բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը և շատերի վարսերը դառնում են ավելի հաստ ու փարթամ և սկսում են արագ աճել: Մազի աճի փուլն ավելի երկար է տևում, ուստի դրանք գրեթե չեն թափվում: Սակայն ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը կարգավորվում է, մազերի աճը դանդաղում է, իսկ այդ ընթացքում կուտակված ավելորդ վարսերը սկսում են թափվել: Մի մասի մոտ այդ գործընթացը գրեթե աննկատ է մնում, մյուսները մի քանի ամսվա ընթացքում կորցնում են վարսերի մի մասը:

2. Հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի փոփոխություն

Հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերից հրաժարվելը կամ դրանց տեսակը փոխելը նույնպես կարող է բացասաբար ազդել վարսերի վրա:

3. Սպիտակուցների դեֆիցիտ

Մազերի աճի ու ամրության համար շատ կարևոր է սպիտակուցներով հարուստ սննդամթերքը, քանի որ սպիտակուցի դեֆիցիտի պատճառով դանդաղում է մազերի աճը, ինչի հետևանքով էլ թափված վարսերը չեն հասցնում փոխարինվել նորերով:

4. Դեղամիջոցների ընդունում

Որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել քրոնիկ մազաթափություն: Առավել հաճախ դա տեղի է ունենում հակադեպրեսանտների, զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցների ընդունման, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեպքում իրականացվող թերապիաների դեպքում, ուստի բուժման ընթացքում մազերի խտության փոփոխություններ նկատելու դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

5. Թեփոտվածություն կամ գլխամաշկի պսորիազ

Գլխամաշկի քորն ու բորբոքումը նույնպես կարող են հանգեցնել մազաթափության: Թեփոտվածությունը բուժելը բավական հեշտ է: Երբեմն հարկավոր է պարզապես ճիշտ շամպուն ու կոնդիցիոներ ընտրել: Սակայն գլխամաշկի պսորիազի դեպքում հարկավոր է խորհրդակցել մաշկաբանի հետ, որն էլ կնշանակի արդյունավետ բուժումը և կօգնի վերականգնել մազածածկույթը:

6. Հուզական կամ ֆիզիկական սթրես

Ուժեղ սթրեսի հետևանքով մազերի աճը կարող է կանգ առնել, իսկ 3-4 ամիս անց դրանք կսկսեն թափվել: Նույնը կարող է տեղի ունենալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ քաշի կտրուկ կորստով ուղեկցվող վնասվածքներից հետո, քանի որ դա նույնպես ուժեղ սթրես է օրգանիզմի համար:

7. Աուտոիմունային հիվանդություններ

Վարսերի հետ կապված աուտոիմունային հիվանդությունները բնորոշվում են իմունային համակարգի աշխատանքի խանգարմամբ, որի ժամանակ օրգանիզմը մազերի ֆոլիկուլների բջիջներն ընկալում է որպես օտար և սկսում է քայքայել դրանք: Մազերի կորստի պատճառ կարող է դառնալ օջախային մազաթափությունը (աուտոիիմունային վիճակ), ինչպես նաև ռևմատոիդ արթրիտը, վահանաձև գեղձի հիվանդությունները, սակավարյունության որոշ տեսակները և գայլախտը, որ ժամանակ մազարմատների հատվածում սպիներ են առաջանում, ինչի հետևանքով մազերը սկսում են անդադար թափվել:

8. Չափազանց ձիգ սանրվածքները

Մազերը չափազանց ձիգ հավաքելու պատճառով նույնպես կարող է մազաթափություն սկսվել: Մշտապես ձգված վարսերը ժամանակի ընթացքում բարակում են, սկսում են թափվել ու նոսրանալ: Այս դեպքում սանրվածքը չփոխելը կարող է հանգեցնել քրոնիկ մազաթափության: Միևնույն ժամանակ կսկսեն սպիներ առաջանալ, ինչը կարող է անդարձալի վնասվածքներ հասցնել մազարմատներին:

9. Ջերմային հարդարում

Շատերը գանգատվում են մազաթափությունից, մինչդեռ իրականում մազերը ոչ թե թափվում են, այլ պարզապես կոտրվում: Մազերի փխրունությունը պայմանավորված է լինում մազի կառուցվածքի վնասվածքով, որի պատճառ կարող է դառնալ մազերի հաճախակի գունաբացումը, ինչպես նաև ջերմային հարդարման հետևանքով դրանց մշտական չորացումը:

10. Քիմիական մշակում

Վարսերի քիմիական հարդարման դեպքում այդ ագրեսիվ նյութերը հայտնվում են գլխամաշկի վրա՝ վնասելով ֆոլիկուլները և հանգեցնելով մազաթափության:

Մեծ մասամբ՝ մազաթափությունը կարելի է հեշտությամբ բուժել դեղամիջոցների օգնությամբ, իսկ երբեմն օրգանիզմն ինքնուրույն է վերականգնվում: Սակայն եթե նույնիսկ 6-9 ամիս անց վարսերի փարթամությունը չի վերականգնվում, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ, որը կնշանակի անհրաժեշտ բուժումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: