Խաղաղապահները կանգ են առնում բնակավայրերում, իրավիճակը պարզելու ու հնարավոր խախտումները գրանցելու համար նրանք շփվում են տեղի բնակիչների հետ:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու «ԿամԱԶ»-ներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:
Նշվում է, որ սահմանազատման գծի երկայնքով իրականացվող պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, դիտարկում օդային իրավիճակը և զրուցում տեղի բնակիչների հետ։
«Այսօր դիտարկում ենք իրականացնում Ասկերանի շրջանում` կողմերի սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակը։ Երբեմն կանգ ենք առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ, եռակողմ հայտարարության խախտման վերաբերյալ հարցեր ենք տալիս», — ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։
1 տարվա ընթացքում խաղաղապահները ԼՂ բնակիչներին մոտ 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: