Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր փաստաբանների հետ հանդիպումից հետո վայր է ընկել, և բանտային հիվանդանոցի աշխատակիցները նրան պատգարակով տարել են։
Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբաններից Բեքա Բասիլայան։ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ին՝ ձերբակալության օրը։
Նոյեմբերի 8-ից նա գտնվում է Թբիլիսիի Գլդանիի թիվ 18 բանտի հիվանդանոցում։ «Մենք ավարտեցինք մեր հանդիպումը Միշայի հետ։ Երբ նա դուրս էր գալիս սենյակից, սայթաքեց և ընկավ:
Հետո պատգարակ էր անհրաժեշտ… Ընկնելուց հետո ես ոչ մի բառ չլսեցի Միշայից»,- պատմել է Բասիլայան: Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը, փաստաբանն ասել է, որ դեպքից հետո Վրաստանի նախկին նախագահն աչքերը չի բացել։
«Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը նշում է, որ նախկին նախագահի առողջական վիճակի մասին դեռ պաշտոնական տեղեկություն չկա։