Հայկական միասնականությունը փորձում են հիմնովին կազմաքանդել. Առանց պայքարի Հայաստանը դանդաղ կկազմաքանդվի…….

Փորձենք դիտարկենք մի պնդում, որն այս օրերին բավական արդիական է ու պարբերաբար շահարկվող. բռունցքված ազգային պայքար հանուն Արցախի՞, թե՞ առանց պայքարի Հայաստանի դանդաղ վերացում։

Ըստ էության, այս թեզը միշտ պետք է հիշել, առավել ևս, երբ թշնամին դարավոր ու ստոր է: Հանուն արդարության պետք է նկատել, որ 1992-2018 թվականներին Ադրբեջանը չուներ այն մարտնչող հռետորաբանությունը, ինչ Թուրքիայի և այլ համախոհների հետ ցուցադրում է վերջին տարվա ընթացքում: Իրականում դրա համար հայկական կողմի կրած ողբերգական պարտությունն իրական հիմքերից է, սակայն ներկա քարոզչությունն ավելի շատ ունի հոգեբանական նշանակություն ու միտված է վերջին տասնամյակներին դրսևորված հայկական միասնականության վերացմանը, դրա հիմնովին կազմաքանդմանը:

Փաստացի հայկական կողմին վերջին տարին ոչ մի էական բան չտվեց, ու հասկանալի է, որ պարտված իշխանությամբ կրկին իշխանություն գրավելը նախ չեղած ու չլսված բան է, իսկ լինելու դեպքում ոչ մեկին դեռևս լավ հանգրվանի չի հասցրել: Այստեղ միանշանակ ընկալելի է նաև, որ ՀՀ ներկա կառավարությունը և իշխանության մյուս ճյուղերը «վաբանկ» են գնում, քանզի հակառակ դեպքում ըստ «արժանիքների» դատվելու են…

Հայ ժողովուրդը հստակ պետք է գիտակցի, որ նկատվում է միտում, ըստ որի՝ աշխարհը պատեհ առիթը բաց չի թողնում, որպեսզի գոյություն ունեցող բարդ հարցերից մեկը` Արցախի հիմնախնդիրը հայկական կողմի պարտվողական կեցվածքով լուծվի Ադրբեջանի օգտին՝ դրանով աշխարհին ընդմիշտ ազատելով մեծ «գլխացավանքից»: Ասենք նաև, որ մեր և՛ բարեկամները, և՛ մնացածը հերթ կանգնած սպասում են առաջին հայացքից խաբուսիկ թվացող այս քաղաքական մեծ թատրոնի ավարտին: Այսինքն, հերթական անգամ մեզ անկյուն են քաշել, ու մեծ հարցերը մեր ստորագրությամբ ու համաձայնությամբ ի վնաս մեզ են լուծում, ինչպես լինում է վերջին մի քանի դարերում։

Կարող ենք վերահաստատել, որ հայ ժողովրդին կփրկի միայն Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականությամբ իր զորության ցուցադրումը ներքին և արտաքին իրական տիրույթներում` նախ ասպարեզից ընդմիշտ հեռացնելով պարտության ու ազգային ողբերգության կուսակցությանն ու իշխանությանը և ազատագրական նոր պայքարի սկզբնավորմամբ՝ ձևավորելով ազգային նվիրյալների իշխանություն, որը կլծվի ՀՀ-ի հզորացման գործին՝ դրանով փրկելով նաև Արցախի վերջին ծվեններն ու վերահաստատելով հող հայրենիի վրա մեր ապրելու իրավունքը։

Հ․Գ․ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ հատուկ փորձում են առավելագույնս քերել ՀՀ-ի սահմանները, քանզի լավ գիտակցում են, որ Արցախի խնդիրը որևէ ձևով լուծվելու է…

Понравилась статья? Поделиться с друзьями: